Հացը` ամանորյա խորհրդանիշ

1․ Ամանորը հայոց սիրված տոներից է և նրան երկար ու հանգամանալից են պատրաստվում: Պետք է նշել, որ Ամանորյա պատրաստությունները հիմնականում վերաբերվում են տոնական սեղաններին:

Ամանորյա սեղաններին պետք է լինեին առնվազն յոթ կերակրատեսակներ: Այդ թվում պարտադիր էր տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը կազմում են խմորեղենները: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև — Աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնիրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգից: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակ շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և պետք է դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, ՙՓուռնիկ՚, ՙԿրկենի՚, ՙՏարեհաց՚ կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր կերպարներ ու ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ չի օգտագործվում ձու, կարագ, կաթնեղեն:

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող ՙհատկություններ՚: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գծեր անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր ՙՀացի հոր՚ կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ է լինելու: Եթե լավ է թխվում ՙեզան պտուկներ՚ կոչվող խմորը` տարին կաթնառատ կլինի…

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որ կոչվում էին Ասիլ – Վասիլներ: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում է կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

2․ Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:

Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:

Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.

-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:

Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում տունը:

Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:

Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:

Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:

Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է, և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:

Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:

Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:

Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:

Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:

Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:

Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:

Աղբյուրը` Հայկ Խաչատրյանի «Հացապատում»

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий