Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։


Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…
Հարցեր և առաջադրանքներ:

Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

կուսական-բնական վիճակում գտնվող, մարդկային մշակության չենթարկված: Կուսական հող՝ անտառ

բրածո-հանածո

խլեզ-մողես

կոխ կենալ-ըմբշամարտել, գոտեմարտել

բերդանի-hին տիպի միալից հրացան

չուխա-բրդյա նուրբ խավավոր գործվածք, մահուդ

կոկարդ-գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավիրապես զինվորականները և պետական պաշտոնյաները, գդականիշ



Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։

Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:

Բնութագրիր Պանինին:

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։ Ասում են, որ Պանինը սպա է եղել, որ իր շներին հրամայել է գզգզել իր կնոջը, որի համար բանտ է նստել։

Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Մթնաձորի նկարագրությունը անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի կենդանական աշխարհ կա Մթնաձորում և ինչ կարող էր այնտեղ լինել։ Նաև Մթնաձորի նկարագրության շնորհիվ պարզ է դառնում, թե որքան դժվար էր Ավինի համար այնտեղից փախչելը։

Դասարանական աշխատանք

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել ։

Հնագույն հայկական մշակույթի մասին կան բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն։ Իսկ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են դամբարաններ, հնագույն բնակավայրեր, ամրոցներ։ Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Մեզ են հասել նաև վիպերգություններ Մովսես Խորենացու շնորհիվ։

Ինչ են առասպելները։

Առասպելները աստվածների, սրբազան վայրերի, նախնիների և հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի և խավարի, լուսնի, աստղերի ու արևի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։

Օրինակ՝ Հայ Հին վիպաշխարհում առասպել կա Արագած լեռան և Մասիս սարի վերաբերյալ։

Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է.

— Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։

Մյուսն ասում է.

— Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։

Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մարդ չի բարձրացել և մատաղ չի մորթվել։

Ներկայացնել Վահագնի , Տորք Անգեղ մասին։

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ, որոնք չար ուժեր են եղել։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Դա հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր։

Տորք Անգեղը, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել:


Ինչ է վիպերգը։

Ի տարբերություն առասպելների՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինք՝ հիմնավորված են պատմական դեպքերի վրա։ Դրանց հերոսները պատմական կերպարներ են։ Մեզ են հասել «Տիգրան և Աժդահակ», «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ վիպերգեր, որոնք ևս գրի է առել պատմահայր Մովսես Խորենացին։

Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։
Առասպելում ներկայացվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա։ Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ։ Հայերը ալանների արքայորդուն գերի են վերցնում։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց։ Արտաշեսի մերժումից հետո ալանների թագավորի դուստր Սաթենիկը կանգնում է Կուր գետի ափին և դիմում Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել։ Տեսնելով Սաթենիկին՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու։ Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում։ Նա ասում է, թե որտեղից քաջ Արտաշեսը պետք է տա հազար հազարներ ու բյուր բյուրեր ալանների արքայազն օրիորդի համար։ Այդ պատասխանը ստանալուց հետո Արտաշեսը փախցնում է Սաթենիկին։ Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը։ Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը։ 

Ներկայացնել հայկական դիցարանը։

Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր։

Տիր

Տիրը դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։

Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակ ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։


Բնագիտության ֆլեշմոբ 2022

1. Քանի՞ տիպի են լինում արմատային համակարգերը:

Արմատային համակարգերը լինում են առանցքային և փնջաձև։ Առանցքային համակարգը լավ զարգացած գլխավոր արմատով համակարգն է, իսկ փնջաձև արմատի դեպքում շատ են կողքային և հավելյալ արմատները։

2. Ի՞նչ դեր է կատարում ցողունը բույսերի համար:

Ցողունն ունի հմնականում փոխադրող գործառույթ։ Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխվում են սինթեզված նյութեր։ Ցողունը կատարում է նաև հենարանային գործառույթ՝ իր վրա պահելով ծաղիկները, տերևները և պտուղները։ Ցողունը կատարում է նաև պաշարող գործառույթ՝ կուտակելով պահեստայի սննդանյութեր։ Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը։

3. Արմատն ինչպիսի՞ կարևոր գործառույթ ունի։

Արմատներով բույսը ամրանում է հողին։ Արմատը հողից կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղերը։ Արմատի միջոցով բույսը բազմանում է։

4. Ծաղկավոր բույսերն ինչպիսի՞ հիմնական խումբ օրգան համակարգերից են կազմված:

Ծաղկավոր բույսերը կազմված են վեգետատիվ (ցողուն, տերև,արմատ) և գեներատիվ (ծաղիկ, պտուղ, սերմ) հիմնական օրգան համակարգերից։

5. Ծաղիկներով բույսերը կոչվում են ……….. կամ ……..։ Նկարագրե՛լ ծաղիկով բույսերի խնամքը պատումների և տեսանյութի միջոցով։

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ։ Բույսերի համար հարկավոր է ապահովել համապատասխան լուսավորություն, խոնավություն և ջերմաստիճան։ Հարկավոր է պարարտացնել հողը։ Բույսը հարկավոր է ջրել առնվազն 3 օրվա ջրով, որպեսզի քլորը դուրս եկած լինի։