Ամառային ճամբար 2021

Ճամբարային վերջին օրը

Այսօր ճամբարային վերջին օրն էր։ Մենք մեզ հետ տարել էինք էլեկտրական ինքնագնացներ, որոնք քշեցինք եկեղեցու բակում, շատ ուրախ անցավ։ Հետո նստեցինք եկեղեցու բակի խոտերի մեջ և քննարկեցինք մեր ճամբարային օրերը և այն, թե որքանով իրականացան մեր ակնկալիքները։ Մենք հասկացանք, որ սպասվածից ավել էին կատարվել մեր ակնկալիքները։ Հետո դասարանում ընկեր Արմինեի հետ զրուցեցինք համակարգչային խաղերից, որոնք կախվածություն են առաջացնում։ Այնուհետև ընկեր Սոնայի հետ քննարկեցինք մեր արևմտյան դպրոցից գնալը, ընկեր Սոնան ասաց, որ պետք չի տխրել, քանի որ դեռ առիթներ կլինեն իրար հանդիպելու։ Ընկեր Սոնայի հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Օրինակ՝ նա նկարագրոմ էր մեկին, և մենք պետք է գտնեինք, թե ում մասին էր։ Ով գուշակում էր, նա էլ հետո պետք է նկարագրեր մեկ ուրիշին։ Շատ հետարքիր և լավ ճամբարային օրեր ունեցանք։ Ուրախ էի, որ հենց այս ջոկատն էի ընտրել։

Ամառային ճամբար 2021

Ճամաբարային ութերորդ օրը

Այսօր ճամբարային ութերորդ օրն էր։ Առավոտը սկսեցինք ներկա-բացակայով։ Որոշ մարդիկ գնացին պարտեզ՝ երեխաներին տեսնելու, որոնց մենք ուղեկցել էինք։ Շատ եմ ուզում իմանալ, թե ինչ է կատարվում իրենց մտքում։ Օրինակ՝ Լեոն, ում ես ուղեկցում էի և շատ սիրում, նա միևնույն է, տխուր կամ վախեցած էր, բայց ես շատ եմ ուզում, որ նա ուրախ և ինքնավստահ լինի: Բայց անկեղծ ասած, Լեոյի բնավորությունն ինձ դուր է գալիս, քանի որ փոքր ժամանակ ես նույնպես այդպիսինն էի։ Հետո գնացինք դասարան, նախաճաշեցինք, ովքեր չէին գրել իրենց շաբաթապատումները կամ օրապատումները, գրեցին, իսկ ովքեր ավարտել էին, խաղացին ինտելեկտուալ խաղեր։ Այնուհետև ընկեր Սոնայի հետ դաս պիտի անեինք, բայց ընկեր Սոնան սկսեց խաղալ pop-it ով, և մեզ համար 45 րոպե դասամիջոց էր))))

Ամառային ճամբար 2021

Ճամփորդություն դեպի Զվարթնոց-արգելոց-թանգարան

Այսօր ճամբարային յոթերորդ օրն էր, և մենք ճամփորդեցինք դեպի Զվարթնոց թանգարան։ Սկզբում մեզ ցույց տվեցին Զվարթնոց տաճարի ամբողջական տեսքը մինչ փլուզումը, ապա պատմեցին տաճարի կառուցման մասին։ Ասում են, որ այն իր տեսքով նման է եղել Անիի տաճարին։ Տեսանք նաև տաճարի փոքր տեսակը դրսից և ներսից։ Իմացանք, որ Զվարթնոցի տարածքում եղել են տներ, և մարդիկ են ապրել։ Թեկուզ ավիրված էր Զվարթնոցը, բայց միևնույն է , շատ գեղեցիկ էր։ Դրսում դրված էին տաճարի քանդված քարերը, դրանք չեն օգտագործել տաճարի վերակառուցման համար, քանի որ չէին բավականացնի։

Մի սրահում ժամանակավոր ցուցահանդես կար, որի խորագիրը հայկական ժողովրդական և դեկորատիվ արվեստը։ Այնտեղ ներկայացված էին 20-րդ դարի սկզբի վարպետների աշխատանքները՝ կարպետներ, գորգեր, օրորոցներ, կավից ամաններ։

Ամառային ճամբար 2021

Ճամփորդություն դեպի Զվարթնոցի թանգարան

Զվարթնոց տաճարը հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Զվարթնոցի տաճարը գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։

Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ (սեղանի բեմը, մկրտարանը և այլն):

Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից: Զվարթնոց տաճարի կառուցման մասին հայ պատմիչները տեղեկություններ են հաղորդում սկսած 7-րդ դարից: Առաջին տեղեկությունները հաղորդում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը և պատմիչներից միակն է, որ տաճարն անվանում է Զվարթնոց, մյուս բոլոր պատմիչները հիշատակում են Սուրբ Գրիգոր տաճար անվամբ: Ըստ Սեբեոսի  եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: «Զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ», այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։ 13-րդ դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին ասում է, որ Զվարթնոցը ավերվել է տաջիկների (արաբների) կողմից: Սակայն որոշ ուսումնասիրողների կարծիքով տաճարի կործանման պատճառը եղել է երկրաշարժը: Կործանումից հետո տաճարը դարերի ընթացքում ծածկվել է հողով և վերածվել բլուրի` միայն 20-րդ դարի սկզբին մաքրվելով հողի դարավոր շերտերից:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 

Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր:

Ամառային ճամբար 2021

Ճամբարային վեցերորդ օրը

Այսօր ճամբարային վեցերորդ օրն էր։ Սկզբում ներկա-բացակա արեցինք, շատերը բացակա էին, քանի որ եռօրյա ճամփորդության էին գնացել և հոգնել էին։ Այնուհետև ընկեր Արմինեն մեզ հայտնեց, որ գնալու ենք Զվարթնոցի թանգարան և պետք է տեղեկություններ գրենք Զվարթնոցի մասին։ Մենք շատ ուրախացանք, որ Զվարթնոց ենք գնալու։ Այսօր մեր ջոկատով պիցցա պատրաստեցինք և կերանք։ Պիցցան պատրաստել էինք երշիկով, նրբերշիկով, լոլիկով, զեյթունով և իհարկե պանրով։ Շատ համեղ էր ստացվել։ Այնուհետև ընկեր Արմինե ստուգեց բոլորիս օրապատումները, իսկ ով չէր կատարել, դասարանում կատարեց։

Ամառային ճամբար 2021

Ճամբարային չորրորդ օրը

Այսօր մենք կարդացել և վերլուծել ենք մեր ճամբարային պատումները։ Քննարկել ենք, թե ինչ սխալներ ունենք և թե որոնք են լավ ստացվել։ Լողից հետո խաղացինք ստեղծագործական խաղ՝ Ջ․ Ռոդարի <<Երևակայական երկանդամություն>> հնարի կիրառմամբ։ Խաղը շատ ծիծաղաշարժ էր, իմ կարծիքով բոլորը հավանեցին։ Այնուհետև նախաճաշեցինք, հետո Արատես գնացողներն իրենց բլոգերը լրացրին։ Հետո գնացինք ընտրությամբ գործունեության խմբեր։

Ամառային ճամբար 2021

Քայլք Հրազդանի կիրճով

Այսօր մենք մեր ջոկատով ճամփորդել ենք դեպի Հրազդանի կիրճ, սկզբում գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, երգեցինք «Մանուկների աղոթքը», ասացինք «Տերունական աղոթքը» այնուհետև Հրազդանի կիրճով շարժվեցինք դեպի մանկական երկաթուղի, որտեղ ես շատ էի եղել քանի որ, մոտ եմ ապրում։ Ես քայլել շատ եմ սիրում, և ընթացքում զրուցում էի իմ ընկերների հետ։

Ճանապարհին նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Քայլելու ընթացքում մենք մաքրում էինք տարածքը։ Հետո բարձրացանք աստիճաներով դեպի մանկական երկաթուղի և արտասանեցինք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, պաղպաղակ կերանք։ Ուրախ և հետաքրքիր զբոսանք ունեցանք, որը ինձ հնարավորություն տվեց նորովի բացահայտել ո՛չ միայն ըներներին ու ուսուցիչներին, այլև իմ հարազատ քաղաքը։

Ամառային ճամբար 2021

Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ամռան առաջին օրը աշխարհի շատ երկրներ նշում են ամենակարևոր տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այն սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Պատմությունը չի նշում, թե ինչու է որոշվել այս տոնը նշել հենց հունիսի 1-ին: Ըստ վարկածներից մեկի՝ 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրնաց համար կազմակերպել փառատոն՝ «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրն ունի իր դրոշը, որի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար:

Իմ կարծիքով երեխաներին պետք է պաշտպանել գողերից, թշնամիներից և նույնիսկ ծանոթներից, քանի որ նրանք նույնպես կարող են թշնամի դառնալ։ Երեխաներին պետք է պաշտպանել նաև վատ միջավայրից և վնասակար բաներից։

Ամառային ճամբար 2021

Ճամբարային երկրորդ օրը

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր։ Ինչպես գիտենք, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Առավոտյան դպրոցի բակում մարզվեցինք, գնացինք պաղպաղակ ուտելու։ Հետո ֆուտբոլ խաղացինք։ Այնուհետև մեր ջոկատավար ընկեր Արմինեն մեզ ելակով և պաղպաղակով հյութ հյուրասիրեց։ Ընկեր Արմինեն մեզ հանձնարարեց երեխաների պաշտպանության օրվա մասին հետաքրքիր փաստեր գտնել և գրել, թե երեխաներին ինչից է պետք պաշտպանել։ Հետո ներկայացրինք մեր կատարած աշխատանքը։ Օրվա վերջում կարգի բերեցինք մեր դասարանը և գնացինք ընտրությամբ գործունեության մեր խմբեր։

Ամառային ճամբար 2021

Ճամբարային առաջին օրը

Ճամբարում ես 10-րդ ջոկատում եմ։ Մեր ջոկատը ընթերցասեր ճամփորդների ջոկատն է։ Առաջին օրը ծանոթացանք մեր ջոկատի երեխաների հետ, գնացինք Բախշյանի այգի և խաղացինք Հավատում ես թե ոչ ինտելեկտուալ խաղը։ Մեր ջոկատավարների հետ կազմեցինք մեր ակնկալիքների ծառը։ Ես ակնկալում եմ, որ նոր ընկերներ ձեռք կբերեմ, որ շատ կճամփորդենք և կունենանք խաղաղ դասարան։ Խաղացինք նաև ևս մի հետաքրքիր խաղ՝ Ես քո հրեշտակն եմ։ Այնուհետև նախաճաշեցինք և գնացինք տուն։